Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Թունավորումներ, կծածներ, խայթոցներ

Առօրյա կյանքում հաճախ են պատահում թունավորումներով ուղեկցվող արտակարգ իրավիճակներ։ Երեխաների թունավորման դեպքերի մեծա­մասնությունը ծնողների (մեծահասակների) անզգուշության, անուշադրության հետևանք է։ Մեծահասակների մոտ թունավորումների պատճառ են հանդիսանում ինքնասպանության նպատակով թույների միտումնավոր օգտագործումը կամ դեղերի սխալ ընդունումն ու չարա­շահումը, ինչպես նաև անզգուշությունն ու անփութությունը։ Հանդիպում են նաև մասնագիտական թունավորումներ, օրինակ՝ երբ մարդն աշխատում է թունավոր միջավայրում, որտեղ չեն պահպանվում անվտանգության կանոնները (քիմիական արդյունաբերություն, գիտա-հետազոտական հիմնարկներ և այլն)։

 

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների թույներ), ինչպես նաև դեղանյութեր և այլն։ Թույները կարող են լինել պինդ նյութեր, հեղուկներ կամ գազեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման ու ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի (աղ.15.1)։ Կլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով։ Կլվող թույներ են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն)։ Այս ենթախմբի թույները կարող են պարունակվել նաև սննդամթերքում։ Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Ներշնչվող թույներ են որոշ նյութերի գոլորշիներ, գազեր, ինչպես օրինակ՝ շմոլ և ածխաթթու գազերը, քլորի գոլորշիները և այլն։ Ներծծվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերի մեջ պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և թունա­վոր նյութերը։ Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին թափանցում են անմիջապես արյան կամ հյուսվածքների մեջ ներարկման միջոցով։ Ներարկվող թույները կարող են ներթափանցել մարմին կենդանիների, օրինակ՝ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) և դեղորայքի սխալ ներարկման հետևանքով։

 

Թունավորման ծանրությունը կախված է մի շարք գործոններից՝

 

  • թույնի տեսակից,
  • թույնի քանակից,
  • թույնի՝ մարմին ներթափանցման ուղուց,
  • թույնի՝ մարմին ներթափանցման պահից անցած ժամանակից,
  • տուժածի տարիքից, մարմնի զանգվածից, առողջական վիճակից։

 

Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները։ Դեպքի վայրի զննումը, պատահարի վերաբերյալ տուժածի կամ ներկաների տված տեղեկությունները և տուժածի զննումը կօգնեն ձեզ ճանաչել թունավո­րումները։ Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել։ Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


Թունավորումների դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ընդհանուր նշանները՝

 

  • հիվանդագին տեսք,
  • սառը քրտինք,
  • մաշկի գույնի փոփոխություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • որովայնի և կրծքավանդակի ցավեր,
  • շնչառության դժվարացում,
  • անոթազարկի փոփոխություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • գիտակցության խանգարումներ,
  • ցնցումներ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Եթե ենթադրում եք, որ տուժածը թունավորված է, վարձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝

 

  • ի՞նչ թույն է ներթափանցել մարմին,
  • թույնի ի՞նչ քանակություն է ներթափանցել,
  • ինչպե՞ս է թույնը ներթափանցել մարմին,
  • ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը,
  • ինչպիսի՞ն էր տուժածի առողջական վիճակը մինչև թունավորումը (հիվանդություններ, հղիություն և այլն)։

 

Այս հարցերի պատասխանները կօգնեն ձեզ կողմնորոշվել և ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել տուժածին։

 

Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցա­բերման հետևյալ հիմնական քայլերին.

 

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ Է։ Աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել։ Հավաքեք բաց դեղա­տուփերը, արկղերը, սրվակները և այլն։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից։
  • Հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցությունը։
  • Կատարեք տուժածի զննում և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
  • Ահազանգեք շտապ օգնություն։ Շտապ օգնության հերթապահին հայտնեք դեղատուփերի կամ սրվակների վրա գրված անվանում­ները և բոլոր այն տեղեկությունները, որոնք գիտեք պատահարի մասին։
  • Մինչև շտապ օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
  • Եթե տուժածը փսխում Է, ապա պահեք փսխուքի մի մասը և հանձնեք այն շտապ օգնության անձնակազմին՝ հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:

 

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։

 

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ


Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Սա շատ պարզ սկզբունք է, որը ցավոք, մարդիկ հաճախ անտեսում են։ Հետևելով ստորև բերված մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

 

  • Պահեք դեղամիջոցները, այն բոլոր կենցաղային իրերը և նյութերը, որոնք կարող են վնասակար լինել երեխաների համար, փակվող պահարաններում կամ որևէ այլ՝ երեխաներին անհասանելի տեղում։ Պահեք դեղամիջոցները և վտանգավոր նյութերը դժվար բացվող, բացելու համար հատուկ հմտություն պահանջող տափերում։
  • Ցանկալի է թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ։ Թունավոր նյութերի սրվակների վրա ունեցեք նախա­զգուշացնող պիտակներ, որոնք ցույց են տալիս, որ տվյալ նյութերը թունավոր են։ Բացատրեք այդ նշանների իմաստը երեխաներին։
  • Երբեք մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տուփերի և տարողությունների մեջ։
  • Երեխաներին դեղ տալիս երբեք այն կոնֆետ մի՛ կոչեք, այլ ճշտեք, որ սա դեղ է, ոչ թե քաղցր հյութ կամ կոնֆետ։ Երեխայի ներկայությամբ դեղորայք մի՛ ընդունեք, որովհետև նա կարող է ձեզ նմանակել և խմել դեղը։
  • Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք կամ սննդամթերք։ Մի՛ գցեք դրանք կոյուղու մեջ։
  • Եթե ստիպված եք աշխատել թունավոր նյութերի հետ, ապա արեք դա լավ օդափոխվող վայրերում, առանց երեխաների ներկայության և ըստ օգտագործման հանձնարարականի (հրահանգի)։
  • Թունավոր քիմիական նյութեր կիրառելիս ընտրեք համեմատաբար անվտանգ նյութեր, աշխատեք ոչ քամոտ եղանակին։
  • Թունավոր նյութերի հետ աշխատելիս օգտագործեք ձեռնոցներ, դեմքը և աչքերը պաշտպանող դիմակ և ակնոց։ Համոզվեք, որ ճշգրիտ հետևում եք վտանգավոր նյութի օգտագործման կանոններին։

 

ԿԼՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ


Կլվող թույները լինում են քայքայիչ և ոչ քայքայիչ։ Ոչ քայքայիչ նյու­թերով թունավորումների խմբում առանձնացնում են նաև սննդային թունավորումները։

 

ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ


Քայքայիչ թույներ են ուժեղ թթուներն ու հիմքերը, որոնք վնասում և քայքայում են հյուսվածքները։ Նման դեպքերում տուժածի շրթունքների շրջանում և բերանի խոռոչում կարող եք նկատել այրվածքներ։ Քայքա­յիչ թույնով թունավորման դեպքում կարելի է նոսրացնել քայքայիչ նյութը՝ տուժածին ջուր խմեցնելով։ Քայքայիչ թույնի նոսրացումը նվա­զեցնում է հյուսվածքների քայքայման հնարավորությունը։ Փսխումը տվյալ դեպքում ցանկալի չէ, որովհետև քայքայիչ թույնը փսխման ժամանակ կրկին վնասում է կերակրափողի, ըմպանի և բերանի խոռոչի հյուսվածքները։ Այդ պատճառով արգելվում է արհեստական փսխում առաջացնել։ Հիշե՛ք, քայքայիչ թույները վնասում են հյուսվածքները ինչպես կլման, այնպես էլ փսխման ժամանակ։

 

ՈՉ ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ


Այս տեսակի թունավորումներից ավելի հաճախ հանդիպում են սննդա­մթերքով, ալկոհոլով և դեղամիջոցներով թունավորումներ։ Ոչ քայքայիչ թույնի կլման դեպքում առաջին օգնության ամենաարդյունավետ քայլը տուժածի մոտ արհեստական փսխում առաջացնելն է։

Արհեստական փսխում.


Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։


Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։


Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

 

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • թույնը նավթային հիմք ունի (կերոսին, բենզին),
  • թույնը քայքայիչ նյութ է (թթու կամ հիմք),
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

 

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

 

ՆԵՐՇՆՉՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ


Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։

 

Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։

 

ՆԵՐԾԾՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ


Ներծծվող թույները մարդու մարմին ներթափանցում են մաշկի միջոցով։ Այդ թունավոր նյութերը կարող են լինել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերում պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյու­թերը և թունավոր քիմիական նյութերը։ Առավել վտանգավոր է, եթե վնասվածքը տեղակայված է դեմքի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


Թույնի հետ շփման հետևանքով կարող է նկատվել մաշկի գույնի փոփոխություն, ցանավորում, այտուց։ Տուժածը կարող է զգալ ցավ, քոր և այրոց այդ հատվածում։ Որոշ ժամանակ անց կարող են ի հայտ գալ թունավորման ընդհանուր նշանները։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ


  • Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ պլաստիկ տոպրակ։ Խուսա­փեք թունավոր նյութի հետ անմիջական շփումից:
  • Վնասված հատվածից զգուշորեն հեռացրեք հագուստը՝ առանց դիպչելու աղտոտված հագուստին և տարածելու նյութը։ Հնարավորության դեպքում կտրեք այն մկրատով։ Այդ հագուստը դրեք ապահով տեղ և աշխատեք չդիպչել դրան մինչև լվանալը։
  • Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով է, ապա հեռացրեք այն մաշկի վրայից խոզանակի կամ չոր գործվածքի օգնությամբ։
  • Անմիջապես լվացեք թունավոր նյութի հետ շփված մաշկի հատվա­ծը հոսող ջրի տակ, առնվազն 20 րոպեի ընթացքում (թունավոր նյութը մաշկից հեռացնելու, ցավը և այրոցը նվազեցնելու նպատակով)։ Վնասված հատվածը լվանալիս ջրի շիթը չպետք է լինի շատ ուժեղ, որպեսզի թունավոր նյութր չցայտի կամ չտարածվի մաշկի վրա։ Շարունակեք պահել վնասված հատվածը ջրի տակ՝ մինչև բժշկական օգնության ժամանումը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

 

Մի՛ մշակեք վնասված մասը քսուքներով և այլ դեղամիջոցներով։ Մի՛ վիրակապեք վնասված հատվածը։

 

ՆԵՐԱՐԿՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ


Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են արյան կամ հյուսվածքների մեջ անմիջական ներարկման միջոցով։ Դա կարող է տեղի ունենալ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) կամ դեղամիջոցների սխալ ներարկման հետևանքով։

 

Ավելի հաճախ հանդիպում են օձերի կծածների և կարիճների, միջատ­ների խայթոցների դեպքեր։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման և ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցաբերման հետևյալ հիմնական քայլերին.

 

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից կամ հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցու­թյունը։
  • Կատարեք տուժածի զննում։
  • Ահազանգեք շտապ օզնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամա­նակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։ Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Հետևելով մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

 

 

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

  • Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am
Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ
Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:


Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...

Բժշկի ընդունարանում
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...

Սալուտեմ 3.2021
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...

Սալուտեմ 3.2021
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...

Սալուտեմ 3.2021
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...

Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com

Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ